Encyclopedia

Վրթանես Փափազյան

1866թ.-ի ապրիլի 13-ին Վանում ծնվել է մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականության պատմաբան, ուսուցիչ և թարգմանիչ Վրթանես Փափազյանը:

1868թ. նա ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ ստացել է նախնական  կրթություն: Ուսումը շարունակել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875-1878թթ.), ապա Թիֆլիսի Գևորգյան ճեմարանում (1878-1879թթ.):  Ավարտել  է Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը:

 

15 տարեկանից սկսել է աշխատել: Եղել է սևագործ բանվոր, լոււսանկարիչ, հեռագրիչ և այլն: Երկար տարիներ դասավանդել է տարբեր քաղաքների դպրոցներում (Վան, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Շուշի, Բուխարեստ և այլն): Խմբագրել է հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի «Կռիվ» (1894թ. Թիֆլիս) թերթը, «Շավիղ» շաբաթաթերթը:

 

1911-1912թթ. եղել է «Ղարաբաղ» շաբաթաթերթի փաստական  խմբագիրը, հանդես է եկել հայ, ռուս ու եվրոպական մամուլի բազմաթիվ օրգաններում: 1889թ.-ից մամուլում սկսում է տպագրվել Փափազյանի ՝ արևմտահայության կյանքն արտացոլող պատմվածք-պատկեների շարքը, որն ավելի ուշ հրատարակվել է երկու գրքով («Պատկերներ թյուրքահայոց կյանքից» 1891թ., «Պատկերներ թյուրքահայոց կյանքից»)1894թ.:

 

Փափազյանը բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների ու զրույցների հեղինակ է: Նա եղել է  ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը, տիրապետել է 14 լեզվի, հայերեն է թարգմանել մի շարք գրողների երկեր: Հեղափոխական գործունեության համար Փափազյանն ամբողջ կյանքում հետապնդվել է ցարական կառավարության կողմից, երեք անգամ դատապարտվել բանտարկության, հեռացվել աշխատանքից:

 

Նա գաղտնի հսկողության տակ էր, նրա որոշ երկեր հանվել են հրատարակությունից, ոչնչացվել են, ձեռագրերն ու գրքերը բռնագրավվել են: Թուրքական կառավարությունը նրա նկատմամբ մահվան վճիռ է արձակել: Վրթանես Փափազյանը մահացել է 1920 թվականին Երևանում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.